Ապրիլի 14-ին ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած Մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում առանձին բաժնով անդրադարձ է կատարված նաև մարդու իրավունքների դրությանը Ադրբեջանում։ Պետքարտուղարության փորձագետների գնահատականներով, 2015-ին Ադրբեջանի իշխանությունները շարունակել են զանգվածայնորեն խախտել մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները: Զեկույցի նախաբանում նշված է. «Տարվա ընթացքում գլխավոր խնդիրների թվում են եղել խոսքի ազատության, հավաքների և միավորման ազատության իրավունքի նկատմամբ կառավարության աճող սահմանափակումները, որոնք իրենց արտացոլումն են գտել մարդկանց ահաբեկելու, կասկածելի մեղադրանքներով բանտարկելու, ակտիվիստների, լրագրողների, իրավապաշտպանների և նրանց հարազատների նկատմամբ բռնությունների տեսքով: Ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների գործունեության դաշտը նախկինի պես մնում է խիստ սահմանափակված: Որոշ աղբյուրների հաղորդմամբ, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների դեմ շարունակվել են քաղաքական դրդապատճառներով հետապնդումները և բանտարկությունները»:
Շարունակելով, զեկույցի հեղինակները արձանագրում են, որ Ադրբեջանի կառավարությունը դատական համակարգը կիրառել է խաղաղ ցուցարարներին պատժելու համար, իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքական դրդապատճառներով և կամայական ձերբակալությունների: Պետքարտուղարությունը փաստում է, որ «կառավարությունը սահմանափակել է քաղաքացիների՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու իրավունքը»: 2013-ին Ադրբեջանի նախագահական ընտրությունները գնահատված են որպես ԵԱՀԿ ժողովրդավարական ընտրությունների առանցքային չափանիշներին չհամապատասխանող: Շարունակական խնդիրների թվում նշվում են «Ադրբեջանի բանակում զինծառայողների նկատմամբ բռնությունների և տանջանքների գործադրումները, անմարդկային պայմանները կալանավորների համար, մի շարք ընթացակարգերի խախտումներով մարդկանց կալանավորումները, քաղաքացիների մասնավոր սեփականության նկատմամբ կառավարության գործադրած անօրինական բռնությունները, կրոնական փոքրամասնությունների՝ այդ թվում քրիստոնյաների, նկատմամբ հալածանքները, մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտումները»: